Սիրիայում ուժերի դասավորությունը նախկինի պես է, եւ քանի դեռ դրսից «Սիրիական ազատ բանակ» ապստամների շարժմանը, իսլամիստներին, սալաֆիթներին օգնություն է ցուցաբերվում, իրավիճակն անփոփոխ կմնա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
«Քանի դեռ ընդդիմությունը դրսից զենք եւ աջակցություն է ստանում, ոչ մի դեպքում չի նստի բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ երեւույթին, Ասադի կառավարությունը մտադիր էր ոչնչացնել հակառակորդին, բայց առայժմ չի զգացվում, թե հաջողվել է մինչեւ վերջ բեկել իրավիճակը», - ասել է Նադեին-Ռաեւսկին:
Քաղաքագետի կարծիքով, Սիրիայում պատերազմը վաղուց թեւակոխել է ահաբեկչական փուլ, որին ներգրավված են ամենատարբեր ուժեր`ամենատարբեր շահագրգռություններով: «Անգամ Ասադին հաղթելու դեպքում այդ խմբավորումները դեռ երկար ժամանակ ներքին հաշիվներ կպարզեն` այն աշխարհ ուղարկելով «օտարներին»` ալավիթներին, քրիստոնյաներին, շիաներին: Կտուժի նաեւ Սիրիայի հայ համայնքը, չնայած որ նրանք այդ երկրում ապրում են ոչ մեկ տասնամյակ, եւ Սիրիան նաեւ նրանց հայրենիքն է: Իրավիճակն այնպիսին է, որ ոչ սունիական ուղղության եւ ազգությամբ ոչ արաբ ներկայացուցիչները ստիպված կլինեն լքել այդ երկիրը»:
Ի պատասխան հարցին` արդյոք Արեւմուտքը կհետաձգի Սիրիայում ռազմական գործողությունները` հաշվի առնելով արաբական երկրներում հակաամերիկյան հուզումները, Նադեին-Ռաեւսկին նշեց, որ ռազմական գործողությունները խնդրի լուծում չեն. «Արեւմուտքը զերծ է մնում ռազմական ուղղակի գործողություններից, բացի դրանից, դրանց անհրաժեշտությունը չկա, քանի որ կա Թուրքիան, որի զինված ուժերը պարբերաբար խախտում են թուրք-սիրիական սահմանը: Թուրքական զինված ուժերը ՆԱՏՕ-ի առավել մարտունակ ուժերն են, հետեւաբար, Արեւմուտքը ձգտում է Սիրիայում մարտնչել ուրիշի ձեռքով»:




























