Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ–ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին, քաղաքապետը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած պաշտոնական այցի շրջանակում ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների ու գործարար շրջանակների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում: Հյուրերին ներկայացնելով Երեւանի զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ընդգծել է նաեւ, որ փոխշահավետ համագործակցության շատ կարեւոր բաղադրիչներից մեկն էլ հենց Երեւանի ներդրումային ծրագրերում Մարսելի գործարար համայնքի ակտիվ մասնակցությունն է. «Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարեւոր մի սկզբունք` համաձայն որի, մենք բաց եւ պատրաստակամ ենք ձեզ հետ քննարկելու համագործակցության տարբեր ծրագրեր եւ իրականացնելու կոնկրետ միջոցառումներ, ինչի արդյունքում մեր երկու քաղաքների միջեւ կստեղծվեն երկկողմ փոխշահավետ գործարար կապեր: Երեւանում այսօր ապահովված է ներդրումային բարենպսատ դաշտ բոլոր ներդրողների համար»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Հայ–ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարը նշել է, որ Մարսելի գործարարները բազմիցս են համոզվել Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության եւ վստահելի գործընկեր լինելու մեջ.
«Մենք կարեւորում ենք Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք ներդրումային ծրագրերի իրականացման հարցում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է Հայ–ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը:
Մարսելցի գործարարները Երեւանում են գտնվում «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցելու նպատակով: Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս փառատոնը եւս մեկ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաեւ հայաստանյան եւ օտարերկրյա ընկերությունների միջեւ գործարար կապեր հաստատելու ու համագործակցելու համար:
Ողջունելով փառատոնի մտահաղացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է որ այն կրում է ճանաչողական բնույթ եւ հնարավորություն կստեղծի ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին ու կապեր հաստատելու գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։




























