Սույն թվականի սեպտեմբերի 25-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանն ընդունել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի քարտուղարության ներկայացուցիչներին` գործադիր տնօրենի տեղակալ պարոն Ուիլյամ Էվերսի գլխավորությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ԳԷՀ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հարցերը, մասնավորապես` «Ազգային պորտֆելիո» ծրագրային փաթեթի շրջանակներում:

ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչը ներկայացրեց սեպտեմբերի 25-27-ը Երեւանում անցկացվող «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի» (GEF) երկրների խմբերի ընդլայնված աշխատաժողովի նպատակներն ու խնդիրները:

«Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը» (GEF) ունի «Աջակցություն երկրներին» բաղադրիչ, որի նպատակն է օժանդակել ԳԷՀ-ի անդամ երկրներին առավել արդյունավետ աշխատելու հիմնադրամի հետ, զարգացնելու տեղական/ազգային ռեսուրսները, տեղեկացվելու ԳԷՀ-ի կողմից կառավարվող ֆոնդերի, ինչպես նաեւ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարեւորելով միջոցառումը, որին մասնակցում էր շուրջ 10 երկրից 50 անդամ` հավաստիացրեց, որ նախարարությունը կաջակցի միջոցառման հաջող ընթացքին ի նպաստ հայրենի բնության:

Նախարար Արամ Հարությունյանը հույս հայտնեց նաեւ, որ Հայաստանի եւ ԳԷՀ-ի միջեւ համագործակցությունն առավել կամրապնդվի ԳԷՀ-ի նոր գործադիր տնօրեն տիկին Նաոկո Իշիինի կառավարման ժամանակահատվածում: