Այսօր` սեպտեմբերի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Կանզասի ազգային գվարդիայի եւ ՀՀ ԱԻՆ համագործակցության ուղղություններն ու նախանշել զարգացման հեռանկարները։
Ողջունելով ամերիկացի հյուրին` նախարար Ա. Երիցյանը մասնավորապես ասաց, որ ուրախ է իր գործընկերներին կրկին տեսնել ԱԻՆ-ում եւ վստահ, որ Հայաստան-Կանզաս փոխգործակցությունն ամուր եւ շարունակական է լինելու: « Կուզենայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին Կանզաս հրավիրելու համար, որպեսզի մենք կարողանանք ծանոթանալ ամերիկյան «911» ծառայության օգտակար փորձին։
ԱԻ նախարարությունը բոլոր ուղղություններով գնում է առաջ, եւ անցած տարվա ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ ենք ունեցել։ ՀՀ կառավարության որոշմամբ ԱԻՆ տրամադրության տակ է անցել Գառնիի դիտարանը, որը կվերանորոգվի ու կդառնա գիտական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն։ Համոզված եմ, որ Ձեր հաջորդ այցելության ժամանակ Դուք այնտեղ կտեսնեք միջազգային չափանիշներին համապատասխան դիտարան։
Վերջերս տեղի ունեցավ ԱԻՆ նորակառույց համաբուժարանի բացումը, հանրապետությունում ավելացել է հակակարկտային կայանների թիվը, մեծացել է վստահությունը ՃԿԿ-ի արագ արձագանքման «911» ծառայության նկատմամբ։ Միայն 4 ամսվա ընթացքում մեզ մոտ բնակիչներից 400 հազարից ավելի զանգ է ստացվել»,- նշել է նախարարը։
Գեներալ-մայոր Լի Թաֆանելին նշեց, որ չնայած իր վերջին այցելությունից հետո ուղիղ մեկ տարի է անցել, ինքը զգալի փոփոխություններ եւ մեծ առաջընթաց է տեսնում. «Ես տեղյակ եմ, որ վերջերս հայ փրկարարները մեծ զորավարժությունների են մասնակցել, որտեղ ԱԻ ուժերն իրենց գերազանց են դրսեւորել»։
Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց սեյսմիկ պաշտպանության ոլորտը, «911» ծառայության կատարելագործումը եւ տեխնիկական աջակցությունը։ Ամերիկյան հայտնի «911» ծառայությունը հիմնվել է դեռեւս 1985 թ. եւ համարվում է աշխարհում լավագույններից մեկը, եւ այնտեղ հայկական «911» ծառայության մասնագետների վերապատրաստումը շատ օգտակար եւ գնահատելի կլինի։
Լի Թաֆանելին իր հերթին կարծիք հայտնեց, որ սեյսմիկ պաշտպանության ոլորտում իրենք էլ մեզանից կարող են սովորել, քանի որ վերջերս Կանզասի նահանգում գրանցված երկրաշարժի թույլ հետցնցումները մտահոգության առիթ են տվել։
Հանդիպման ավարտին ամերիկացի հյուրերը եղան ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում` նկատելի առաջընթաց արձանագրելով մեկ տարի առաջ տեսածի համեմատ։
Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը հավաստեց, որ ինքն ամեն ինչ կանի, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը գնալով ավելի խորանա եւ ընդլայնվի։





























