Վրաստանում ստեղծվել է կապիտալիստական բռնապետության ճիշտ այնպիսի  համակարգ, ինչպիսին պինոչետյան Չիլին էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վրաստանի խաղաղության կոմիտեի ղեկավար Թեմուր Պիպիան:

Վերլուծելով իրավիճակը երկրում` Պիպիան նշեց, որ կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամն ուղղակիորեն անդրադառնում է Վրաստանի վրա. «ԱՄՆ –ը Վրաստանին ներկայացնում է որպես հաջող ամերիկյան էքսպերիմենտ` նրան հռչակելով «ժողովրդավարության փարոս»: Այսպես կոչված «նեոլիբերալ բարեփոխումները», որոնք անվերապահ  եւ հատուկ ագրեսիվությամբ իրականացվեցին Վրաստանում,   հասցվել են տրամաբանական ավարտին»,-ասաց Պիպիան:

Նրա խոսքով` եկամուտների բոլոր հիմնական հոսքերը մոնոպոլիզացված են, նույն իրավիճակն է արտահանման ու ներմուծման ոլորտում. «Ընդ որում, դա տեղի է ունենում ԱՄՀ լիակատար համաձայնությամբ»: Նրա խոսքով`  չնչին  փոքրամասնության կայծակնային եւ հեքիաթային հարստացումն ուղեկցվում է ճնշող մեծամասնության կենսամակարդակի կտրուկ անկումով: «Ձեւավորված ներքին կարգն անթերի պաշտպանում են լավ վճարվող բանակն ու ոստիկանությունը: Պետությանը թողնված է  միայն ձեւավորված համակարգին հետեւելու գործառույթը»,-ընդգծեց Պիպիան:

Ըստ նրա` երկրում ակնհայտ է խորը սոցիալական ճգնաժամը, որը յուրաքանչյուր բարենպաստ հնարավորության  դեպքում անմիջապես վեր է ածվում քաղաքական ճգնաժամի: «Ներկայիս քաղաքականության շարունակումը կհանգեցնի վրացական պետականության փլուզման»,-նշում է Պիպիան: