«Apple» կորպորացիան թաքցնում է իր նոր մշակումների բնութագիրները ոչ միայն սպառողներից, այլեւ աքսեսուարներ արտադրող գործընկերներից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել է գերմանա-թայվանական «Just Mobile» ընկերության տնօրեն Նիլ Գուստաֆսոնը:
«Մեզ, օրինակ, հստակ չի ասվում, որ «Apple»-ը պատրաստվում է փոխել «iPhone»-ի սնուցման միակցիչը: Այնտեղ երբեք ուղիղ չեն ասում, սակայն կարող են ակնարկել, որ ուղղությամբ է պետք գործել», պատմել է Գուստաֆսոնը:
«iPhone 5» նոր մոդելում, որի վաճառքն սկսվել էր անցած շաբաթ, «Apple»-ը փոխել էր իր բջջային սարքավորումների սնուցման միակցիչները, որոնք արդեն տասը տարի կիրառվում էին: Այդ որոշումն առաջացրել էր սպառողների քննադատությունը, որոնք ստիպված էին նոր աքսեսուարներ գնել:





























