Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին մեկնել է Նյու Յորք։ Այցի շրջանակում Սահակաշվիլին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նիստում։ Ինչպես տեղեկացնում է Civil.ge-ն, Սահակաշվլին ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին։ «Ելույթում Վրաստանի նախագահը այլ կարեւոր հարցերի հետ կանդրադառնա նաեւ այն ձեռքբերումներին եւ խնդիրներին, որոնք ուղեկցում են Վրաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին»,- նշված է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Ըստ դրա՝ Սահակաշվիլին մի քանի բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։
Նշենք, որ Նյու Յորքում է նաեւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։ Նա սեպտեմբերի 24-28 ժամանակահատվածում ծրագրում է 40 հանդիպում անցկացնել այլ պետություններ ներկայացնող գործընկերների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։
GHN-ի տեղեկացմամբ՝ Սահակաշվիլիի նախատեսվող ելույթի ժամանակ բողոքի ակցիա է նախապատրաստվում Թբիլիսիում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ 10 երիտասարդական կազմակերպություններ միավորվել են, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Սահակաշվիլու ելույթի եւ Վրաստանում հասունացած խնդիրների դեմ։





























