Արաբական աշխարհի բողոքի ցույցերի թիկունքում իսլամական առավել արմատական ուժերն են, թեեւ ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին`պատասխանելով հարցին, թե ով է կանգնած Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում եւ Եմենում տեղի ունեցող բողոքի ակցիաների թիկունքում: Ըստ փորձագետի` ակցիաները կազմակերպում են կրոնական գործիչները, որոնց համար անկիրթ բնակչությանն իրենց հետեւից տանելը բարդություն չի ներկայացնում:

«Այլ հարց է` ով է ղեկավարում իսլամիստներին. մի կողմից  առավել արմատական սալաֆիթական շրջանակները, իսկ որոշ երկրներում` «Մահմեդական եղբայրների» եւ սալաֆիթների համախմբված ուժերը, անխոս, մասնակցում է նաեւ Ալ Կաիդան»,- նշեց քաղաքագետը:

Հարցին, թե իրոք բողոքի ալիքը հրահրեց «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, Նադեին-Ռաեւսկին նշեց, որ առիթը ցանկացած դեպքում կլիներ, եթե ոչ սա, ապա մեկ ուրիշը:  «Բայց եթե կան խելառներ, որոնք ուղղակի առիթ են տալիս, ապա նման արձագանքը սպասելի էր:

Ինչ վերաբերում է հարցին` արդյոք բողոքի ակցիաները կհանգեցնեն արաբական երկրների պաշտոնական միավորմանը, Նադեին-Ռաեւսկին նշեց. «Ըստ իս, դա այնքան քիչ է հավանական, որ չէի ցանկանա ինչ-որ բան ասել: Արաբական պետությունները կարող են միավորվել առանձին ակցիաների անցկացման համար` հակաամերիկյան, հակաեվրոպական, ինչ վերաբերում է մնացյալին, ապա միավորմանը կխոչընդոտեն այդ երկրների վերնախավերի շահերը: Այդ վերնախավերից յուրաքանչյուրն իր նեղանձնական շահերն ունի, եւ նրանցից ոչ ոք մտադիր չէ դրանք զոհել հանուն քաղաքական հիպոթետիկ միության»:

Քաղաքագետը նաեւ հավելեց, որ Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանի սպանությանը զուսպ արձագանքեցին, դիվանագիտական հարաբերությունները չկասեցրեցին, այսինքն` ԱՄՆ-ն մտադիր չէ կորցնել իրավիճակի վերահկողությունը: