ՄԱԿ-ի ԳԱ-ում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատմել է բանտային սկանդալի մասին եւ ուշադրութուն հրավիրել Ռուսաստանի գործողությունների վրա: Իր ելույթում նա խոսել է Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի անցկացրած «Կովկաս-2012» զորավարժությունների մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նա նշել է, որ Վրաստանում շուտով խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Ըստ նրա`Ռուսաստանը ֆինանսական մեծ միջոցներ է ուղղել Վրաստանում քվեարկության արդյունքների վրա ազդելու համար:
Սահակաշվիլին Վրաստանի բարեկամներին եւ համախոհներին կոչ է արել ուշադրություն է դարձնել դեպքերի նման զարգացման վրա:
Խոսելով բանտերում կտտանքների մասին` Սահակաշվիլին նշել է, որ երկիրը ժողովրդավարության քննության առաջ է կանգնել: Ըստ նրա` իշխանությունները այդ փաստերին համարժեք են արձագանքել, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:
Վրաստանն ընտրել է ազատությունը եւ գնում է այդ ուղով` չնայած խնդիրներին եւ արտաքին միջամտությանը, հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:
Նա նշել է, որ Վրաստանն ազատության ձեռք բերելուց հետո պայքարում է դրա պահպանման համար, նաեւ հույս է հայտնել, որ մի քանի օր անց Վրաստանի ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի ընտրություններում:
«Վրաց ժողովուրդը գիտի ազատության գինը: Սակայն նրանք դեռեւս կարծում են, որ ազատությունն այդ ամենին չարժի», - ասել է նա:
Դիմելով ԳԱ-ի 67-րդ նստաշջանի մասնակիցներին` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել կանխել Ռուսաստանի փորձերը ընտրությունների արդյունքների վրա ազդելու ուղղությամբ:
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ընտրություն է կատարել ժողովրդավարության օգտին եւ դրա եւս մեկ ապացույցը կդառնան խորհրդարանական ազատ եւ արդար ընտրությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: Նա ընդգծել է, որ վրացական ժողովրդավարությանը արտաքին վտանգ է սպառնում:




























