2011 թ. կրթության բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 106.1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 99% կատարողական: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ 2011 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում: Ծրագրից շեղումը հիմնականում առաջացել է կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների ծախսերում: 2010 թ. համեմատ կրթության բնագավառի ծախսերն աճել են 8.5%-ով:

2011 թ. կրթության ծախսերից շուրջ 24.8 մլրդ դրամն ուղղվել է նախադպրոցական եւ տարրական ընդհանուր կրթության, 45.2 մլրդ դրամը` միջնակարգ ընդհանուր կրթության ծրագրերին: Նշված ծախսերի տեսակարար կշիռը կրթության ընդհանուր ծախսերում կազմել է համապատասխանաբար 23.4% եւ 42.6%:

Նշենք, որ նախադպրոցական կրթության ծրագիրը մեկնարկել է 2011թ.` Արագածոտնի, Լոռու, Արարատի եւ Արագածոտնի մարզերում: Այն  ուղղված է մանկապարտեզ չունեցող համայնքների ավագ տարիքի երեխաների կրթության կազմակերպմանը: Ծրագրում ընդգրկվել են 982 երեխա:

Հանրակրթության համակարգում 2011 թ. գործել է 1368 դպրոց 365.5 հազար աշակերտով` նախորդ տարվա 369.6 հազարի դիմաց: Դպրոցների մանկավարժների միջին ամսական աշխատավարձը կազմել է 118093 դրամ, վարչական անձնակազմինը` 176222 դրամ: