Մոսկվայի քրեական հետապնդման աշխատակիցները ձերբակալել են լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա հարձակման կասկածյալին:Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Կասկածյալին բռնել են Չելյաբինսկում:
Ինչպես նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ, ոստիկաններին հաջողվել էր պարզել կասկածյալի ինքնությունը, սակայն նա թաքնվել էր հայրենի Ղրղըզստանում: Բայց օրերս հետախույզները տեղեկացել են, որ կասկածյալն անձնական գործերով եկել է Չելյաբինսկ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես խոստովանել է ձերբակալվածը, տուժածի հասցեն եւ հեռախոսը նա գտել էր համացանցում: Իսկ սովորական մկրատը, որով վնասվածքներ էր հասցրել լրագրողին, ձեռք էր բերել կրպակից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 28-ին, ժամը 23.15-ին Չերտանովի փողոցի տան շքամուտքում լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա հարձակում էր տեղի ունեցել: Լրագրողն ստացել էր դանակի 20-ից ավելի հարվածներ եւ ուղեղի ցնցում: Հարձակվողը տուժածի վրա էր հարձակվել «Դու չես սիրում Ալլահին» ճիչով:
Հարձակման պատճառ էր դարձել մայիսի 14-ին Ասլանյանի եթերը ռադիո «Մայակով», որի ժամանակ լրագրողը արհամարհական ձեւով էր պատմել Մուհամեդ մարգարեի կենսագրությունը` նրա հասցեին կիրառելով «կեղտից դառավ իշխան» արտահայտությունը: Ասլանյանը Մուհամեդին անվանել էր գործարար, պատմել, որ նա «վերաշարադրել է Աստվածաշունչն ինպես կարողացել է», ու «այժմ բոլորը գիտեն, ոչ Մուհամեդը շուկայի մանրածախ վաճառական չի եղել, այլ քաղաքական խոշոր գործիչ»:





























