Հայկական կողմը մտադիր է դատական կարգով բողոքարկել ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատման վերաբերյալ որոշումների իրավականության հարցը: Այդ մասին նշվել է այսօր` սեպտեմբերի 26-ին, միջազգային իրավունքի փորձագետ Լեւոն Գեւորգյանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանի մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում:
Մամուլի ասուլիսը նվիրված է եղել ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի հիշատակին. այսօր նա կդառնար 34 տարեկան:
Ասուլիսի մասնակիցների խոսքով`այս պահին քննարկվում է դատական հայցի ձեւաչափի հարցը, այն, թե արդյոք հայցվորը պետք է լինի Հայկ Մակուչյանը (որը հունգարական դատարանի կողմից տուժող է ճանաչվել), այն հստակ ատյանը, որին պետք է ուղղվի հայցը եւ այլն:
Ըստ Լեւոն Գեւորգյանի` խոսքը կյանքի իրավունքի խախտման մասին է, ընդ որում` ոչ թե Ռամիլ Սաֆարովի, այլ Ադրբեջանի Հանրապետության կողմից: Սակայն պետք չէ հուսալ, թե Ռամիլ Սաֆարովը կրկին բանտ կտեղափոխվի: «Խոսքն ավելի շուտ բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման եւ քաղաքական որոշակի քայլերի մասին է», - նշել է փորձագետը: Հայցի չափը, ըստ նրա, հավանաբար մի քանի տասնյակ հազար եվրո կկազմի: Դատական գործընթացը կարող է տարիներ տեւել:
«Գուրգենը շատ բարի եւ հարեհաս տղա էր», - նշել է Հայկ Մակուչյանը: Նրա խոսքով` այն հայտարարությունները, թե Գուրգենն իբրինչ-որ կերպ «վիրավորել» է ադրբեջանցիներին, սուտ են:
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:





























