Ճապոնիայում ի հայտ է եկել մեծ զոհաբերություններ պահանջող նորաձեւություն: Նոր երեւույթի` «գլուխ-փքաբլիթի» մասին պատմել է National Geographic հեռուստաալիքը, որն իր «Տաբու» հաղորդաշարում ցուցադրել է, թե ինչի են պատրաստ «ախորժելի» տեսք ունենալ ցանկացողները:
Ճակատի վրա փքաբլիթի տեսքով ահավոր դեֆորմացիան, որն ստացել է bagel-head անվանումը, տեղի է ունենում մաշկի տակ աղային լուծույթ ներարկելու միջոցով: Հեղուկը ճակատին հսկայական այտուց է ձեւավորում, ինչից հետո բավական է միայն սեղմել դրա կենտրոնին` համեղ թխվածքի տեսքը հաղորդելու համար: Ամբողջ ընթացակարգը տեւում է երկու ժամ, իսկ էֆեկտը շարունակվում է 16-24 ժամ, ինչից հետո հեղուկը լուծվում է, եւ ճակատն իր նախնական տեսքն է ստանում, գրում է The Daily Mail-ը:
«Փքաբլիթի» ստացման գործընթացը բավական տհաճ է. առաջին ժամերին մարդն զգում է, թե ինչպես է հեղուկը լցվում մաշկի տակ, իսկ հետո սկսվում է թեթեւ ծակոց եւ ճնշում այն հատվածում, որտեղ աղե «բլրակ» է գոյանում, գրում է NEWSru.com-ը:
Այդ արտասովոր գաղափարն առաջին անգամ մտահղացել է ճապոնացի լուսանկարիչ եւ լրագրող Ռեիթի Մաեդան: 1999 թվականին Ճապոնիայում առաջին անգամ տեղի է ունեցել նորաձեւության կոնվենցիա, որի շնորհիվ ծագել է bagel-head ուղղությունը, հենց այդ ժամանակ է Մաեդան ծանոթացել Ջերոմին, որը հորինել էր աղային ներարկումները: 2003 թվականին տղամարդիկ անցկացրել են առաջին փորձարկումները, իսկ 4 տարի անց ճապոնացին այն հայրենիք է բերել:













