Ֆրանսիայում մահացել է ապստամբներից մեկը, ով մասնակցել է Մուամար Քադդաֆիի նկատմամբ հաշվեհարդարին: Օմրան Շաբաանը մահացել է ֆրանսիական հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր այն բանից հետո, երբ 2012 թ-ին նրան առեւանգվել եւ կտտանքների էր ենթարկվել լիբիական բռնակալի կողմնակիցների կողմից:
22-ամյա Շաբաանը թաղվել է սեպտեմբերի 25-ին Միսուրատա քաղաքում: Համազգային կոնգրեսը նրան «նահատակ» է անվանել եւ հրամայել է թաղել որպես հերոսի: Դրոշով փաթաթված Շաբաանի դագաղը տեղափոխվել էր մարզադահլիճ, որտեղ երիտասարդին հրաժեշտ տալու համար ժամանել են հազարավոր մարդիկ:
Իշխանությունները հրամայել են բռնել այն գրոհայիններին, ովքեր առեւանգել էին Շաբաանին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նրա եղբայր Վալիդը խոստացել է անձամբ վրեժ լուծել եղբոր մահվան համար:
Միսուրատայում հողարկավորումից հետո լարված դրությունը պահպանվում է, քաղաքի բնակիչները կասկածում են, որ Շաբաանի մահվան մեջ մեղավոր են Քադդաֆի կողմնակիցները, ովքեր շարունակում են հսկողության տակ պահել Բանի-Վալիդ քաղաքը: Կառավարությունը դեռեւս չի կարողանում իր իշխանությունը հաստատել քաղաքում: Փորձագետները ենթադրում են, որ Շաբաանի մահը կարող է բախումների հանգեցնել Քադդաֆիի եւ կառավարության կողմնակիցների միջեւ, գրում է «Լենտա.ru»-ն:
Օմրան Շաբաանը հայտնի է դարձել այն լուսանկարների եւ տեսագրությունների միջոցով, որտեղ նա պատկերված էր բռնված բռնակալի կողքին, ով առանց դատի սպանվել է նույն օրը: Նրա ընտանիքի անդամների խոսքով, Քադդաֆիի բռնման դիմաց ապստամբերի կողմից խոստացված 800 հազար դոլարը Շաբաանը այդպես էլ չի ստացել:




























