Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների եւ խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին եւ իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան համայնքների վարչական սահմաններում, իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Երեւանից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում:
Խաղատների ներկայացուցիչները նշել են, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից եւ Սեւանից բացի, Երեւանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձեւավորվի մասնավոր մենաշնորհ: Խորհրդակցության մասնակիցների կարծիքով՝ այդ պարագայում մենաշնորհի ձեւավորման հավանականությունը մեծ է, մանավանդ որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013 թվականին: Տնտեսվարողների կարծիքով՝ դա կվնասի ոլորտում գործող փոքր եւ միջին բիզնեսին եւ կնպաստի մենաշնորհային դրսեւորումներին, մասնավորապես Երեւանին մոտ խաղատան մենաշնորհի ձեւավորմանը: Նրանք նշել են, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի հետեւանքով նվազել են ներդրումների ծավալները: Ոլորտի ներկայացուցիչները չեն կարողացել իրականացնել համապատասխան օրենքի պահանջը՝ ճգնաժամի պայմաններում ներդրումների համար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Խաղասրահների եւ խաղատների ներկայացուցիչները, հաշվի առնելով միջազգային փորձը, հանդես են եկել ոլորտը կանոնակարգող իրենց առաջարկություններով, այդ թվում բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ վերահսկողության բարձրացման եւ խիստ կանոնների ներդրման վերաբերյալ:
Խորհրդակցության մասնակիցները խնդրել են կառավարությանը գտնել իրենց մտահոգող հարցերի լուծումները՝ հաշվի առնելով առկա մտահոգությունները:
«Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձեւավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր եւ միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ ինքը դեմ է մենաշնորհի ձեւավորմանը ցանկացած ոլորտում եւ առաջարկել խաղասրահների ներկայացուցիչներին ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել այս բնագավառը կանոնակարգող հայեցակարգ, որտեղ կարտացոլվեն խաղատների գործունեության վերահսկման խիստ կանոններ՝ ելնելով միջազգային փորձից եւ առկա ռիսկերից:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին մշակել օրենքի նախագիծ, որով մեկ տարով կհետաձգվի արդեն իսկ ընդունված օրենքի կիրառումը: Իսկ այդ ընթացքում նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր հայեցակարգ, որից հետո կրկին կանդրադառնան այդ հարցին:
Խաղասրահների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներին հետամուտ լինելու եւ համապատասխան լուծումներ գտնելու համար:





























