Հայաստանի գյուղատնտեսությանն ուղղվող ծախսերը 2011 թ. կազմել են 5.8 մլրդ դրամ կամ ծրագրվածի 77.8%-ը: Այդ մասին նշված է 2011 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունում: Կատարողական շեղումը հիմնականում պայմանավորված է մի շարք վարկային ու դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ: Այսպես՝ ԳԶՄՀ (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրն իրականացվել է 35,9%-ով, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության վարկային ծրագրերն իրականացվել են 58,3%-ով, Դանիական թագավորության աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» դրամաշնորհային ծրագիրը կատարվել է 27,2%-ով:
Ըստ Ա. Ջանջուղազյանի՝ նշված վարկային ու դրամաշնորհային ծրագրերը բյոջեում ներառվում են միջազգային համաձայնագրերի հիման վրա ու ֆինանսավորվում են կատարման ընթացքին համապատասխան: Սակայն որոշ ընթացակարգային խնդիրների պատճառով նշված ծրագրերի իրականացման ժամկետներում հնարավոր են շեղումներ:
Ընդհանուր առմամբ՝ գյուղատնտեսության ոլորտին կատարված հատկացումների հաշվին իրականացվել են 25 ծրագրեր, այդ թվում` արտաքին աջակցությամբ ֆինանսավորվել են 9 վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր:





























