Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո կդադարի երկրի  քաղաքական դաշտում միանձնյա առաջնորդ լինելուց: Նման տեսակետ այսօր`սեպտեմբերի 26-ին լրագրողներին  հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա`  ընտրություններից հետո առաջնային դիրք կունենան  ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին եւ գործող վարչապետ Վանո Մերաբիշվիլին: Ըստ Մինասյանի` Սահակաշվիլին դժվար թե  ղեկավարումը  դե ֆակտո, որպես վարչապետ, վերադարձնելու քայլի դիմի, ավելի շուտ նախագահը կզբաղեցնի որեւէ  պատվավոր պաշտոն:

«Սակայն եթե մենք խոսում ենք խորհրդարանական ընտրությունների մասին, ապա  չպետք է բացառել դրանց հետաձգման հնարավորությունը` նկատի ունենալով Վրաստանի  ներկայիս լարվածությունը», – նշել է փորձագետը:

Նշենք, որ Թբիլիսիում Գլդանի բանտի  բռնությունների հետ կապված աղմուկը դեռ չի հանդարտվել: Ըստ փորձագետների` այն հասցրել է Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլիի իշխող` «Ազգային միացյալ շարժում» կուսակցության վարկանիշի կտրուկ անկմանը: