Մինչեւ 2010 թ. Հայաստանում թռչնաբուծությունը անկում է ապրել, որի հիմնական պատճառը պետական աջակցության ծրագրերից թռչունների պատվաստման ծրագրի հանելն էր: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հարցին;
Ըստ Ս. Կարապետյանի՝ թռչունների պատվաստման ծրագրի դադարեցումը պատճառ դարձավ թռչունների մոտ 30 % անկման, անկում ապրեց նաեւ ձվի արտադրությունը: Սակայն եթե ձվի ինքնաբավությունն արդեն վերականգնվել է, ապա թռչնի մսի մոտ 55%-ը դեռ շարունակում ենք ներկրել: Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ մշակվել է թռչնարտադրության զարգացման ծրագիր: Ս. Կարապետյանը նաեւ հայտարարեց, որ անասնաբուծության մյուս ճյուղերում՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ, Հայաստանն աճի տեմպով առաջ է ԱՊՀ մյուս հանրապետությունների համեմատ:
Սակայն պատգամավոր Վ. Բաղդասարյանը նշեց, որ գյուղատնտսությանը հատկացվող բարձր տոկոսադրույքներով վարկերը չեն նպաստում գյուղի զարգացմանը, մարզերում առկա է սպանդանոցների կարիք, դրսից ներմուծվող միսը կրկնակի էժան է տեղականի համեմատ եւ ավելի մրցակցային:





























