Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 22-ի գիշերը, վթարի ենթարկվելու հետեւանքով երկու անգամ վիրահատության ենթարկված հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը սեպտեմբերի 1-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Նրանց փոխանցմամբ` հաղորդավարի առողջական վիճակը լավ է, ավելին` մի քանի օր առաջ Մոսկվայում ինչ-որ համերգ է վարել:

Ինչ վերաբերում է վթարի ենթարկված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանին, ապա Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ  Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ապա` Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Այնուհետեւ Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էին կոնք-ազդրային հոդը: Վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: