ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սեպտեմբերի 26-ին հավատարմագրեր են հանձնել արտասահմանցի մի շարք դեսպաններ: Հանդիպման ընթացքում Պուտինը նրանց հիշեցրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը շրջանցելով ուժ կիրառելու անթույլատրելիությունը: Վերլուծաբանները այդ հայտարարությունը համարում են Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ Ալ Թանիի հայտարարության պատասխան, որը կոչ էր արել արաբական երկրների զորքերը մտցնել Սիրիա` չսպասելով ՄԱԿ-ի որոշմանը:

«Ժամանակակից աշխարհում առանց միջազգային իրավունքի հենքի հնարավոր չէ գործել: ՄԱԿ-ի կանոնադրությունը շրջանցելով ուժ կիրառելու փորձերը լավ բանի չեն հանգեցնի», - Պուտինի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ «նման գործողությունները ծնում են ապակայունություն եւ քաոս»: Բռնությունը բռնություն է ծնում, զգուշացրել է նա: Պուտինը նաեւ հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի ահաբեկչական սպառնալիքներին եւ ծայրահեղականությանը դիմակայելու համար, «որտեղ էլ որ լինի` Լիբիայում, Իրաքում, Եմենում, Սիրիայում, Եգիպտոսում, Աֆղանստանում»: «Երկակի ստանդարտներն այստեղ տեղ չունեն», -ընդգծել է նա:

Քաթարի շեյխ Համադ բեն Խալիֆ Ալ Թանին ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից արաբական երկրներին կոչ էր արել միջամտել Սիրիայի իրավիճակին` հիշեցնելով, որ նախորդ դարի  70-ականներին նմանատիպ միջոցառումները Լիբանանում դադարեցրին պառակտչական պայքարը:

NEWSru.com-ը նշում է, որ Քաթարը ակտիվորեն աջակցում է սիրիական ընդդիմությանը` Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ միասին զինելով Ասադի հակառակորդներին: