Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին եւ նրա եղբայր Ժանիշ Բակիեւին մեղադրել են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեդեթ Սադրքուլովի սպանությունը կազմակերպելու մեջ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, գործը փոխանցվել է դատարան:

Դատախազության տվյալներով` Ժանիշ Բակիեւը մեղադրվում է եռակի սպանության մեջ` նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեդեթ Սադրքուլովի, Ռազմավարական ուսումնասիրությունների  միջազգային ինստիտուտի նախկին տնօրեն Սերգեյ Սլեպչենկոյի եւ վարորդ Կուբաթ Սուլեյմանովի:

Կուրմանբեկ Բակիեւին համարում են սպանության հանցակից: Բակիեւ եղբայրներին մեղադրանքը ներկայացվել է հեռակա, հայտնում է  «24.kg»-ն:

Ղրղըզստանի նախկին նախագահի կրտսեր եղբայր Ժանիշ Բակիեւը նաեւ մեղադրվում է 2010թ. ապրիլի 7-ին Բիշքեքում ցուցարարներին հրաձգության ենթարկելու համար, ինչի արդյունքում 86 մարդ էր զոհվել:

Համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որտեղ Ժանիշ Բակիեւն իր շրջապատի երկու անձանց հետ մտնում է Մինսկի կենտրոնի սրճարաններից մեկը:  2010թ.-ից Բելառուսում է բնակվում նաեւ ավագ եղբայրը`Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, որի հանձնումը եւս պահանջում է Բիշքեքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի դատախազությունը հրաժարվել է բավարարել Ղրղըզստանի իրավապահ մարմինների հայցը, որով խնդրում էին Բիշքեքին հանձնել հանրապետության նախկին նախագահի եղբորը: