Դատարանում «Նորվեգական հրաձիգ» Անդերս Բրեյվիկի արտասանած ճառը կդառնա թատերական ներկայացման հիմք: Ներկայացումը կբեմադրի գերմանա-շվեյցարական թատերական խումբը:
Նորվեգական ռադիոհեռուստաընկերությունը հիշեցնում է, որ սեփական պաշտպանության համար դատարանում Բրեյվիկի արտասանած ճառը դատարանի որոշմամբ արգելվել էր հեռարձակել եւ ամբողջությամբ չէր տպագրվել: Այն 17 էջ է:
Ճառը ստացել է «Բրեյվիկի բացատրությունը» անվանում: Բեմադրության համար այն առաջարկել է թուրքական ծագումով գերմանացի Սաշա Սոյդանը: Բեմականացման գաղափարն է «ցնցել հանդիսատեսին», ասել է ներկայացման ռեժիսոր Միլո Ռաուն: Բեմադրողի մասին հայտնի է, որ նա 35 տարեկան է եւ ապրում է Բեռնում:
Սպասվում է, որ առաջնախաղը տեղի կունենա Վեյմարի ազգային թատրոնում հոկտեմբերի 19-ին եւ Բեռլինի թատրոնում հոկտեմբերի 27-ին:




























