Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումն ինքնանպատակ չէ, եւ Բուդապեշտում պետք է դա հասկանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված Հունգարիայի ԱԳՆ նոտան:

«Կարելի է, իհարկե, ողջունել Հունգարիայի այդ քայլը, սակայն հունգարական ժողովուրդը եւ, առաջին հերթին, Հունգարիայի կառավարությունը պետք է հասկանան, որ նման դեպքերում գործ ունեն պետության հետ, որում չկան ոչ միայն եվրոպական, այլեւ համամարդկային արժեքներ: Հունգարիան պետք է հասկանա, որ գործ է ունեցել բարբարոսների հետ, որոնք գովաբանում են մարդասպանին»,-հայտարարեց Սահակյանը:

Նա անեւ նշեց, որ ՀՀԿ-ն դեռեւ չի քննարկել Հունգարիայի նոտան: Միաժամանակ նա ավելացրեց, որ հարցի վերաբերյալ պետք է Հայաստանի նախագահն ու ՍԳՆ-ն որոշում կայացնեն:

Հիշեցնենք, որ Հունգարիայի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկում է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների:

Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը  սեպտեմբերի 24-ին նոտա է ուղարկել Հայաստանի ԱԳՆ` առաջարկելով վերջ դնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցմանը` առանց որեւէ նախապայմանի, հաղորդվում է Հունգարիայի կառավարության կայքում:

Նաեւ նշվում է, որ դիվանագիտական նոտան պաշտոնական պատասխանն է 2012 թվականի օգոստոսի 31-ի հաղորդագրությանը, որով Հայաստանը Հունգարիային տեղեկացրել էր դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: