Շատ ամերիկացիներ չէին զարմանա` իմանալով, որ աշխարհում ամենամեծ ԱՄՆ դեսպանատունը Բաղդադում է, սակայն մեծությամբ երկրորդը գտնվում է անսովոր վայրում` Հայաստանում: Այս մասին գրում է Թրումանի ազգային անվտանգության (ԱՄՆ) նախագծի վերլուծաբան Դենիել Գեյնորը:

Իր հոդվածում Գեյնորը փորձում է պատասխանել հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն կարեւոր նշանակություն տալիս Հայաստանի հետ համագործակցությանը:

«Լավագույն բացատրությունը դա դիրքն է: Դեպի ծով ելք չունեցող երեք միլիոն բնակչությամբ  Հայաստանը տեղակայված է, հնարավոր է, աշխարհի ամենաբուռն տարածաշրջանում: Սակայն Ամերիկայի տեսակետից, սա ԱՄՆ դաշնակցի համար ամենակարեւոր դիրքն է` Օբամայի արտաքին քաղաքականությունն անցակցնելու համար: Հայաստանը սահմանակից է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ, առեւտրի եւ ռազմական աջակցության բնագավառում հենվում է Ռուսաստանի վրա:  ԱՄՆ-ն իր խաղադրույքներն ունի հիշատակված բոլոր հինգ երկրների դեպքում, իսկ Հայաստանը գտնվում է  տեսադաշտում` որպես պոտենցիալ հզոր լծակ` ամերկյան նպատակներն առաջ տանելու համար», -կարծում է հեղինակը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ձգտում է  նրան, որ Հայաստանն ավելի ամուր դաշնակից դառնա տարածաշրջանում:

Իր հերթին Հայաստնի համար ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է, քանի որ ԱՄՆ-ի հետ գործընկերությունը կհեռացնի Հարավային Կովկասում նրա ունեցած փոքրաթիվ բարեկամներից. «Հայաստանը ռազմական գործակցություն է ցանկանում Ռւսաստանի հետ եւ միաժամանակ` տնտեսական մուտք արեւմուտք: Ներկայումս Հայաստանը երկու լավ բարեկամ ունի` Ռուսաստանն ու Իրանը, որոնք երկուսն  էլ ԱՄՆ-ի հակառակորդներն են: Նրանց հետ դաշնակցությունը պայմանավորված չէ գաղափարախոսական ընդհանրությամբ, Հայաստանը պարզապես ընտրություն չունի»:

Հիշեցնելով Հայաստանի` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեցած խնդիրների մասին, Գեյնորը գրում է, որ Հայաստանին հաջողվել է մինչ օրս «անցնել դիվանագիտական ճոպանի վրայով` գործի բանիմացություն դրսեւորելով»: Նա նաեւ մեջբերում է անում Հայաստանի ուղեցույցից: «Չնայած սահմանափակ ռեսուրսներին, Հայաստանն աշխարհաքաղաքականության մեջ վարպետ է դարձել: Աշխարհում ուրիշ ո՞ր երկիրը կարող է ասել, որ լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի հետ»: