Հունգարիայի կողմից «վերականգնել դիվանագիտական հարաբերություններն առանց նախապայմանների» ձեւակերպումը կոռեկտ չէ` հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառը: Այս մասին NEWS.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ-ին Հուգարիայի ԱԳՆ-ի հղած նոտան:
Հակոբյանի կարծիքով` պաշտոնական Բուդապեշտը գիտի Սաֆարովի արտահանձնման հետեւանքների եւ դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառի մասին. «Հետեւաբար դիվանագիտական նման ձեւակերպումը կոռեկտ չէ: Եւ Հունգարիան պետք է քաղաքական քայլեր անի ` ցույց տալու համար, որ ինչ-որ չափով ափսոսում է, որ հանցագործն ազատության մեջ է հայտնվել»:
Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի գործողություններին, ապա, ըստ պատգամավորի, հայկական կողմը պետք է գործողությունների պլան կազմի, որի շրջանակում պետք է վերականգնի դիվանագիտական հարաբերությունները. «Կարծում եմ, Հայաստանը նման պլան ունի»:
Հիշեցնենք, որ Հունգարիայի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկում է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների:
Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին նոտա է ուղարկել Հայաստանի ԱԳՆ` առաջարկելով վերջ դնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցմանը` առանց որեւէ նախապայմանի, հաղորդվում է Հունգարիայի կառավարության կայքում:
Նաեւ նշվում է, որ դիվանագիտական նոտան պաշտոնական պատասխանն է 2012 թվականի օգոստոսի 31-ի հաղորդագրությանը, որով Հայաստանը Հունգարիային տեղեկացրել էր դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին:
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:





























