ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում Ուկրաինան հատուկ ուշադրություն կդարձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` հանդես գալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում, հաղորդում է pravda.com-ը:

Նրա խոսքով` Ուկրաինան նաեւ մտադիր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Մերձդնեստրի հակամարտությանը եւ պտրաստ է Սիրիա ուղարկել ինքնաթիռներ ու նավեր` քաղաքացիների տարհանման համար: Բացի այդ, Ուկրաինան պատրաստ է աջակցել տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի կատարմանը: «Ուկրաինան, որպես դաշինքներից դուրս գտնվող պետութուն, չի կարող անհանգստացած չլինել ԵՍԶՈԻ պայմանագրի խախտումներով… Անդամ-երկրները պետք է ջանքեր գործադրեն այն ամբողջությամբ կիրառելու համար»,-հայտարարեց նա:

Յանուկովիչը նաեւ հայտարարել է,  որ Ուկրաինայի գերակայությունների թվում կլինի նաեւ ԵԱՀԿ-ում ժողովրդավարական ինստիտուտների կոնսոլիդացիան,  էներգետիկ անվտանգության հարցերը, միջազգային երկխոսության  ու կայունության աջակցումը: