Ներկայումս ՀՀ քաղաքական ետնաբեմում քննարկվում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը: Թե ո՞ր ուժերն են մասնակցում այս քննարկումներին, ի՞նչ ֆորմատով են դրանք ընթանում, արդյոք աոաջին դեմքերի մակարդակով, կոնկրետ տեղեկատվություն չի փոխանցվում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Փոխարենը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր աղբյուրները հայտնում են, որ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը դրված է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի սպասվող բանակցությունների օրակարգում:
Ըստ այդմ, Ծառուկյանը երեք սցենար ունի եւ, կախված Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներից, դրանցից մեկով էլ կառաջնորդվի: Սերժ Սարգսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, փորձելու է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը: Ինչպես արդեն գրվել է, Ծառուկյանը դրա դիմաց ցանկանում է ստանալ վարչապետի պորտֆելը: Պարզվում է, սակայն, որ ԲՀԿ ղեկավարն այդ պաշտոնը ոչ միայն իր եւ իր կուսակցության համար է ուզում, այլ` ստանալուց հետո մտադիր է ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն այլ քաղաքական ուժեր եւս: Ըստ մեր աղբյուրի, եթե նման համաձայնություն ձեռք բերվի, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ կստորագրվի հուշագիր, որտեղ կնշվի, որ ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ արդեն նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՀ Սահմանադրության պահանջով երկրի նախագահը կցրի կառավարաթյունը, կձեւավորի ազգային համաձայնության կառավարություն: Այսպիսով, Սերժ Սարգսյանը կստանա ԲՀԿ-ի աջակցությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը կդառնա ազգային վարչապետ եւ փաստացի առաջնորդը բոլոր այն քաղաքական ուժերի, ովքեր հավակնում են ազգային համաձայնության կառավարության մաս կազմել:
Ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, անհաջողության դեպքում Ծառուկյանը եւս երկու պահուստային տարբերակ ունի: Առաջինի դեպքում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց պահանջելու է ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանին» հանձնել կառավարման համակարգի 30 տոկոսը` ամբողջությամբ: Խոսքը վեց ամբողջական ոլորտների մասին է: Այս դեպքում Սերժ Սարգսյանը, ավելի քիչ բան զիջելով, կստանա ԲՀԿ-ի աջակցությունը»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























