Սուդանի եւ Հարավային Սուդանի ներկայացուցիչները պայմանավորվել են հյուսիսային եւ հարավային տարածքների միջեւ ապառազմականացված սահմանային գոտի ստեղծելու վերաբերյալ: Դա թույլ կտա վերսկսել նավթի տեղափոխումը, որն ընդհատվել էր 2011 թվականի աշնանը: 

Համաձայնությունը ձեռք է բերվել Ադիս Աբեբայում Աֆրիկական միության միջնորդությամբ՝ 4-օրյա բանակցություններից հետո: Մինչ այդ ՄԱԿ-ը երկրներին մինչեւ սեպտեմբերի 22-ը կարգավորման ժամանակ էր տվել, հայտնում է «Ռոսբալտը»:

Օգոստոսին հարեւան պետությունները պայմանավորվել էին նավթային հակամարտության դադարեցման մասին` վճարներ սահմանելով  տարանցվող հումքի համար: 

Հիշեցնենք, որ պետությունների միջեւ սահմանի վերաբերյալ  պայմանավորվածության  բացակայությունը եւ նավթի տարանցման  տարակարծություները 2012 թվականի ապրիլին հանգեցրել էին զինված բախումների: Նավթային խնդիրը սրվել էր 2011 թվականին Հարավային Սուդանի առանձնացումից հետո:  Հարավային տարածքներում մնացել էր նավթային հանքահորերի մեծ մասը, այն դեպքում, երբ նավթարդյունաբերությունը գտնվում էր հյուսիսում: Միակ նավթատարը անցնում է Սուդանի տարածքով դեպի Կարմիր ծովի ափին գտնվող Պորտ Սուդան քաղաք:

2011 թվականի նոյեմբերին Հարթումը դադարեցրել էր նավթի ներկրումը Հարավային Սուդանից, քանի որ վերջինս չէր վճարում տարանցման ծառայությունների գումարը: Իրենց հերթին հարավի իշխանությունները 2012 թվականի հունվարին հայտարարել էին Սուդանի միջով նավթի տարանցման դադարեցման մասին եւ սկսել էին նոր նավթատարի շինարարությունը: