Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին փոխանցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նվերը` ռուսական տերիեր ցեղատեսակի 3 ամսական  շնիկին: Նվերը հանձնել է «Ռոսնեվտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը: Ինչպես հայտնում է  EFE-ն, հարավամերիկյան առաջնորդը կենդանու հետ լեզու է գտել:

Շնագետները  ռուսական սեւ տերիերին անվանում են «Ստալինի շուն»,  ցեղատեսակը ստացել են խորհրդային տարիներին , հաղորդում է rbc-ն:

Սեչինի հետ հանդիպման ժամանակ Չավեսը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին վենեսուելական բնակարանային խնդրի լուծմանը մասնակցելու համար: Նա հայտարարել է, որ տների զանգվածային շինարարության գաղափարն իրեն հուշել էր Պուտինը:

Ներկայումս ՌԴ-ի մասնագետները Ֆորտ Տյուն քաղաքում 6 հազար բնակարանների շինարարություն են իրագործում:

Սեչինը Վենեսուելա կատարած այցի ընթացքում  հայտարարել է, որ «Ռոսնեվտը» մտադիր է 16 միլիարդ դոլար ներդնել  «Կարաբոբո-2» համալիրի  ստեղծման համար: Եւս 20 միլիարդ 40 տարվա ընթացքում  ձեռնարկությունը մտադիր է ներդնել «Խունին-6» հանքավայրում: