Չեխիայի իշխանությունները կասեցրել են «չոր օրենքը», որը մտցվել էր ալկոհոլային զանգվածային թունավորումից հետո։ Վնասակար խմիչքը դեռ մնում է ալկոհոլային շուկայում, ուստի իշխանությունները թույլատրում են կիրառել միայն նախքան 2012թ. հունվարի 1-ն արտադրված խմիչքները։

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Չեխիայի ոստիկանությունը շարունակում է թունավոր լիկյորի որոնումները։ Որոշ տվյալներով՝ խոսքը կարող է 15 հազ. լիտրի մասին լինել։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին զանգվածային թունավորման մեղավորներին բռնելու մասին։ Գլխավոր կասկածյալը՝ 42-ամյա տղամարդը, սպանության նպատակ չի ունեցել, պարզապես ուզում էր «փող աշխատել»։ Երկրորդ կասկածյալը մեղադրվում է հանցակցության մեջ. նա վտանգավոր խմիչքի հումքն է մատակարարել։

Չեխիայում մեթիլ սպիրտի բարձր քանակ պարունակող խմիչքից սեպտեմբերին 25 մարդ զոհվել էր, 40 մարդ թունավորվել էին։ Սեպտեմբերի 15-ին Չեխիայում արգելել էին 20%-ից թունդ խմիչքների վաճառքը։ Ձերբակալվել են 44 մարդ, 22-ն արդեն հսկողության տակ են։