Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը ուղերձ է ձայնագրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի մասնակիցների համար, որում նա խոսում է իր ներկա դրության բարոյական եւ իրավական ասպեկտներից: WikiLeaks-ի հիմնադիրը բացատրել է, որ ներկայիս իր դրությունը դիտարկում է որպես քաղաքական հետապնդում  ԱՄՆ-ի կողմից:

Ասսանժը պատմել է ամերիկյան իշխանությունների անօրինական գործողությունների մասին` շարքային Բրեդլի Մեննինգի նկատմամբ, ումից ստացել է ամերիկյան դիվանագիտական եւ ռազմական նամակագրությունները: Նա ասել է, որ Մեննինգը, ով մասնակցել է Իրաքյան պատերազմին, չէր կարող թաքցնել անմեղների  սպանությունների տեղեկատվությունը եւ ամերիկացի զինվորների անօրինակությունները այդ երկրում: Ասսանժը ԱՄն-ին կոչ է արել հրաժարվել դատական հետապնդումներից այն անձանց նկատմամբ, ովքեր կապ ունեն WikiLeaks-ի աշխատանքի հետ:

Մինչդեռ, ինչպես հաղորդում է ավստրալական The Sydney Morning Herald պարբերականը, ԱՄՆ-ի իշխանությունների ներքին փաստաթղթերի մեջ Ջուլիան Ասսանժը եւ WikiLeaks կայքը որակվում են որպես  «պետության թշնամի»:

Նման որակավորում է ստացել Պենտագոնի կողմից «Ալ-Կաիդան», ով կազմակերպել է 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը եւ «Թալիբան» շարժումը, որոնց դեմ ամերիկյան զինվորները պատերազմում են Աֆղանստանում:

Հիշեցնենք, որ Ասսանժը հունիսի կեսերից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը եւ այդ երկրից քաղաքական ապաստան է խնդրել` Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար, որտեղ նա մեղադրվում է բռնաբարության մեջ: Էկվադորը համաձայնել է Ասսանժին քաղաքական ապաստան տրամադրել: