Արաբական պետությունների լիգան ՄԱԿ-ին առաջարկել է հավատացյալների պաշտպանության մասին օրենք ընդունել եւ աստվածանարգությունը համարել քրեական հանցագործություն: ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ Արաբին:
Ալ Արաբին այդ առաջարկը հիմնավորել է նրանով, որ հավատացյալների զգացմունքները վիրավորելը վերջնարդյունքում կարող է սպառնալ աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը, հայտնում է «Ռոսբալտը»:
ԱՊԼ-ի ղեկավարի ելույթը առաջին հերթին վերաբերում էր «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմին: Դիվանագետը նշել է, որ դատապարտում է ֆիլմի հրապարակմանը հաջորդած բռնությունը եւ հավելել է, որ եթե քրեականացման մասին օրենքն արդեն ընդունված լիներ, դրա մեխանիզմները կարող էին կանխարգելիչ միջոցառում դառնալ եւ թույլ չտալ իրավիճակի զարգացում:
«Մենք խոսքի ազատության եւ այլ ժողովուրդների հավատքն անարգելու միջեւ ոչ մի կապ չենք տեսնում», - հավելել է նա:
Հիշեցնենք, ԱՄՆ-ում նկարահանված եւ համացանցում տարածված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում: Մի շարք երկրներում հարձակումներ են գործվել ամերիկյան դեսպանատների վրա: Լիբիայում զոհվել է ԱՄՆ-ի դեսպանը:





























