Հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայնտում է իր խորին ցավակցությունը զինվորի ծնողներին և հարազատներին:
«Մեզ համար սա շատ ծանր կորուստ է: Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- նշվում է Պաշտպանության նախարարության հայտարարությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել եւ տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը (ծնվ. 1993թ., 2011-ի գարնանային զորակոչ, Նոր Նորքի զինկոմիսարիատ):
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Կատարվել են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:





























