Բայքեր Պումբային պաշտոնապես մեղադրանք են առաջադրել հայտնի երգիչ Յուրի Անտոնովի հետ 2011թ. աշնանը Մերձմոսկվայի լցակայանում տեղի ունեցած կռվի փաստով:

Իշուտինի հոդվածը խստացրել են. ավելի վաղ նրան մեղադրանք էին ներկայացրել «խուլիգանություն» հոդվածով, այժմ այն փոխարինվել է «խուլիգանական նկատառումներով առողջությանը դիտավորյալ միջին ծանրության հասցնելը» հոդվածով: Նման որոշման պատճառը ստացած հարվածից հետո երգչի տեսողության վատացումն է:

Հիշեցնենք, 2011-ի նոյեմբերին Յուրի Անտոնովը կռվել էր բայքերի հետ, ում մոտոցիկլը խանգարել էր նրան բենզալցակայանում լիցքավորել մեքենան: Ամեն ինչ սկսվել էր լեզվակռվից եւ ավարտվել ծեծկռտուքով:

Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես առաջին բախումից հետո Անտոնովը փայտով հարձակվել էր բայքերի վրա: Երգիչն ինքն էր ոստիկանություն կանչել, ցուցմունք տվել ու տեղափոխվել հիվանդանոց:

Ալեքսանդր Իշուտինին բռնել էին այս տարվա մայիսին: Հարցաքննության ընթացքում նա պատմել էր, որ ընկերուհու` Լենայի հետ Yamaha V-max մոտոցիկլետով Մոսկվա գնալիս ճանապարհին կանգ են առել վառելիք լիցքավորելու համար: Երբ ցանկացել է վճարել, մոտեցած Անտոնովն սկսել է կոպիտ բղավել, որ մոտոցիկլետը հեռացնի ճանապարհից: Իշուտինն ընկերուհու խորհրդով արագ ազատել է կայանման հատվածը, սակայն շրջվելով նկատել է, որ Անտոնովն ատրճանակով նշան է բռնել իրեն:

Այդ ժամանակ Պումբան, ընկերուհուն իջեցնելով, սկսել է մոտոցիկլետով պտույտներ գործել երգչի շուրջ, որն էլ տրավմատիկ ատրճանակից երկու անգամ կրակել է բայքերի ուղղությամբ: Պումբան կանգնացրել է մոտոցիկլետը եւ հարվածել երգչի աչքին:

Պումբայի պաշտպանությունը հոդվածի խստացումն անօրինական է համարում, քանի որ Անտոնովն առաջինն է հարձակվել:

Քննիչները համաձայնել են փորձաքննության ենթարկել մոտոցիկլետը, որի վրա փամփուշտների հետքեր են մնացել: