Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը, որի որդին` Սեւակ Մինասյանը երեկ`սեպտեմբերի 26-ին, ահաբեկել էր ռեստորանի աշխատակիցներին եւ օդ էր կրակել, հանրապետության գլխավոր դատախազի հրամանով ազատվել է աշխատանքից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Ուշագրավ է, որ մոտ մեկ ժամ առաջ Սերժիկ Մինասյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, ասել էր, թե այդ մասին որեւէ մեկը որեւէ բան չի առաջարկել. «Իմ մեղքը չի, որ պաշտոնանկ անեն, բայց ես եթե բան գտնեմ, ինքս կներկայացնեմ դիմում: Եթե պարզվի, որ իմ որդին մեղավոր է, կներկայացնեմ դիմում, դրանից բացի` հնարավոր մինչ այդ էլ դիմում ներկայացնեն, որպեսզի չկաշկանդվի քննությունը»,- ասաց Սերժիկ Մինասյանը` չբացառելով, որ հենց այսօր էլ աշխատանքից ազատման դիմում կներկայացնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզում սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արմավիրի մարզի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին` Սեւակ Մինասյանը, հինգ ընկերների հետ կռիվ էր եկել ռեստորանի աշխատակիցների վրա: «Ավելի վաղ հաց էին կերել, փողը չէին տվել, փողը ուզել էին, եկել էր վիճաբանություն էր սարքել, ես էլ եկել էի պարզելու, թե ինչ է եղել, ինչի է կռիվ սարքում, այդպես քաշքաշուկ եղավ»,- պատմել է «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի տնօրեն Միսակ Տեր-Պողոսյանը: Դատախազի որդին օդ է կրակել, քաշքշուկի հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել: Ռեստորանի տերը նաեւ պատմեց, որ երկու տարի առաջ նման պատմություն էլի է եղել, բայց դատախազ հայրը բերել է փողը եւ վճարել է. «Երեւի գողական է գնում էլի, նալոգ է դնում վրներս»,- ասել էր նա: Արմավիրում գրանցված կրակոցների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն): Սեւակ Մինասյանը ձերբակալվել է:





























