Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գյուղատնտեսության նախարարի մամուլի  քարտուղար Անի Սմբատյանը: 

«Նա ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի է անցնում»,- հայտնեց մամուլի քարտուղարը, իսկ հարցին, թե որտեղ է աշխատանքի անցնելու Արմեն Պողոսյանը, խորհուրդ տվեց դիմել հենց վերջինիս: 

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե  թերթին տեղեկություններ են հասել, որ օրերս աշխատանքից ազատվելու է գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը: «Նա համակարգում է անտառային եւ սննդամթերքի անվտանգության ոլորտները, նախարարության քաղաքականության իրականացման, միջազգային համագործակցության ծրագրերի եւ գյուղատնտեսության աջակցության նպատակով իրականացվող խորհրդատվական աշխատանքները»,- գրել էր թերթը: