Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներկրում են 5- 6 ընկերություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստում հրապարակեց այդ ընկերությունների անունները, եւ շուկայում ունեցած մասնաբաժինը: Նրա ներկայացմամբ՝ 2011 թ. գոմեշի միս ներկրել են 6 ընկերություններ (ընդհանուր առմամբ՝ 10,3 հազ. տոննա), որից խոշորագույն մասնաբաժինը պատկանել է Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգին»՝  61,2%; Մյուս ընկերություններն են. «Պարգեւ» (շուկայական մասնաբաժինը՝ 17%) «Մոկոնաց» (9,5%), «Արմեն Համիկ եղբայրներ» (6,5%), «Ունիվերսալ Ավան» (3,5%):

2012 թ. 9 ամսում Հայաստան է ներկրվել 5284 տոննա գոմեշի մսի բրիկետներ 5 կազմակերպությունների կողմից: Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ կազմակերպությւոնների շուկայական մասնաբաժինը էապես փոխվել է: Այսպես՝  գերիշխող «Ալեքս Գրիգի» մասնաբաժինը իջել է 18,1%, փոխարենն առաջին տեղում է հայտնվել «Պարգեւ» ՍՊԸ-ն՝ 33,4% մասնաբաժնով: «Արմեն Համիկ եղբայրների» մասնաբաժինը կազմել է 23,52 %, «Ունիվերսալ Ավան» ընկերությանը՝ 11,6%:

Ըստ Ա. Բախչագուլյանի՝ գոմեշի միս ներկրում են հնդկական այն կազմակերպություններից, որոնք ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս, սառցարան; Ա. Բախչագուլյանի տեղեկացմամբ՝ գոմեշի մսի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Հնդկաստանում ՀՀ սննդի անվտանգության ծառայության ներկայացուցչությունը; Փաստորեն 2 տարիների ընթացքում վերահսկողական աշխատանքները որեւէ վտանգավոր բան չեն հայտնաբերել (այդ թվում՝ կրկնակի ստուգումները Հայաստանում):

Ա. Բախչագուլյանի ելույթից հետո վարչապետ Տ. Սարգսյանը հայտարարեց, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են իրեն զրպարտել, կապելով իր անունը Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հետ: «Ես որեւէ առնչություն չունեմ այս 5 ընկերությունների հետ, ոչ ընկերներ, ոչ բարեկամներ, ոչ թաքնված անձինք այս ընկերությունների ետեւում ինձ հետ կապված չկան»,- ասաց Տ. Սարգսյանը;

Ի դեպ՝ մեր տեղեկություններով, բացի «Ալեքս Գրիգից», որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, մյուս ընկերություններում փայաբաժիններ ունեն ԼՂՀ ներկայիս փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը: