Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում բռնությունների տեսագրությունների հեղինակ, հերթապահ սպա Վլադիմիր Բեդուկաձեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի միջոցով:
«GHN»-ի փոխանցմամբ, Բեդուկաձեի լուսանկարներն ու անձնական տվյալները տեղադրված են միջազգային գերատեսչության կայքում: Վրաստանի իշխանությունները կարծում են, որ Վլադիմիր Բեդուկաձեն եւս մասնակցել է բանտարկյալների նկատմամբ բռնություններին: Այդ գործով բանտի արդեն 10 աշխատակիցներ են ձերբակալվել, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Ավելի վաղ Բեդուկաձեն եթերից հայտարարել էր, որ բելգիական իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, Վլադիմիր Բեդուկաձեն վրացական բանտում բռնությունների տեսագրությունների հեղինակն է, որոնք իրար են խառնել ողջ հանրությանը: Երկրում անընդհատ բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում, պաշտոնից զրկվել են երկու նախարարներ:
Նախքան տեսագրությունների տարածումը, Բեդուկաձեն գնացել էր Բելգիա: Նա հայտնել էր, որ կադրերը նկարահանել է Գլդանի բանտապետի կարգադրությամբ: Վրաստանի դատախազությունն ավելի ուշ հայտնել էր, որ այդ կադրերի համար Բեդուկաձեն 2 մլն դոլար է ստացել:





























