Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին տեղի  է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ, անդրադառնալով նախկին կառավարության կատարած աշխատանքներին՝ Նախագահը նշել է, որ, ընդհանուր առմամբ, նրան հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որի մասին են վկայում 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները եւ գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը:

Միաժամանակ, նախագահը նշել է, որ կան նաեւ չլուծված կամ մասամբ լուծում ստացած խնդիրներ ու բացթողումներ: Ըստ երկրի ղեկավարի՝ նոր կառավարությունը պետք է օբյեկտիվորեն գնահատելով ձեռքբերումները, կատարի համապատասխան հետեւություններ եւ ներկայացնի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի վրա լուծել մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:

Բակո Սահակյանի խոսքով՝ գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք  առաջիկա տարիներին կհանդիսանան մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, խոշոր ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպերը:

Տնտեսության գերակա ճյուղերի առաջընթացի ապահովման գործընթացում նախագահը մեծ տեղ է հատկացրել գիտության եւ կրթության զարգացմանը՝ հիմնական նպատակ համարելով որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կդառնան մեր սեփական կադրային բանկի հիմքը:

 Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին: Նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, որոնք նոր որակ կհաղորդեն մեր հանրապետության համար այս կարեւոր բնագավառներին:

Նախագահ Սահակյանը մեր բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար:

 Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք մեր պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ: Նախագահը իր՝ որպես մարդու, եւ որպես պետության ղեկավարի համար անընդունելի ու անթույլատրելի է համարել այլ մոտեցում՝ ընդգծելով, որ պետության առջեւ ծառացած խնդիրները բարդ են, բայց եւ միանգամայն լուծելի: