Ռուսական «Վիմպելկոմ» («Բիլայն» բրենդ) ընկերությունը սեպտեմբերի 27-ին Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի տարածքում արգելափակել է համացանցային մի քանի ռեսուրսների հասանելիությունը, որոնցում տեղադրվել էր «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը: ՄՏՍ օպերատորը ֆիլմի հասանելիությունը սահմանափակել է ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլեւ Հարավային դաշնային շրջանում:
«Մեգաֆոնը» հայտարարում է այն մասին, որ միջոցներ է ձեռնարկում հոլվակի հասանելիությունը Ռուսաստանի ողջ տարածքում արգելափակելու համար:
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հստակեցրել է «Վիմպելկոմի» աշխատակիցը, սահմանափակումները մտցվել են Չեչնիայի Հանրապետության, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության, Ինգուշեթիայի Հանրապետության, Կարաչաեւ-Չերքեզական Հանրապետության, Հյուսիսային Օսիայի Հանրապետության եւ Ստավրոպոլի երկրամասի տարածքում:
ՄՏՍ-ի ներկայացուցիչն էլ հայտնել է, որ ընկերությունը միջոցներ են ձեռնարկում հոլվակի հասանելիությունը ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլեւ Հարավային դաշնային շրջանում սահմանափակելու համար: «Մեգաֆոնի» ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը առանձին շրջանների համար հատուկ սահմանափակումներ չի կիրառում:
Հիշեցնենք, ԱՄՆ-ում նկարահանված եւ համացանցում տարածված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում: Մի շարք երկրներում հարձակումներ են գործվել ամերիկյան դեսպանատների վրա: Լիբիայում զոհվել է ԱՄՆ-ի դեսպանը:





























