Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրելու մասին: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը (ծնվ. 1993թ., 2011-ի գարնանային զորակոչ, Նոր Նորքի զինկոմիսարիատ) սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք էր ստացել եւ տեղում մահացել:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:





























