Կռվի ամենաանհույս  հատվածներում մահապարտների «Արծիվներ» ջոկատը պաշտպանում էր իր հայրենիքը: Այս մասին լրագրողներին հայտնել է ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը` ելույթ ունենալով ջոկատի 20-ամյակի կապակցությամբ:

«Մեզ ասում էին ինչո՞ւ եք գնում այդ մսաղացի մեջ, սակայն Վազգեն Սարգսյանի կոչով մենք հավաքվեցինք եւ կռվի մեկնեցինք»,-ասել է Պետրոսյանը: Ղարաբաղյան կռվի ժամանակ ջոկատը պաշտպանել է Մարտակերտի շրջանում Գանձասար լեռան լանջերը` թույլ չտալով հակառակորդին տիրել բարձրունքին եւ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին: «Մենք գիտեինք, թե ուր ենք գնում, մենք գնում էինք հայրենիքը պաշտպանելու»,-ընդգծել է Պետրոսյանը:

Այսօր էլ, ավելացրել է նա, հայկական բանակը լավագույնն է համարվում տարածաշրջանում, ինչի մասին վկայում են ՀԱՊԿ-ի վերջին զորավարժությունները: «Պետք է շարունակել բարձրացնել մեր բանակի մարտունակությունը եւ այն դարձնել Եվրոպայում լավագույններից  մեկը»,-ամփոփել է նա:

Նշենք, որ ներկայումս Պետրոսյանը գլխավորում է իր ջոկատի վետերանների հանրային կազմակերպությունը: