Զբոսաշրջության ոլորտում Հայաստանին անհրաժեշտ է վերադարձնել այն բրենդը, որով հայտնի էր  խորհրդային շրջանում: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, հայ-ռուսական համատեղ առաջին գիտա-զբոսաշրջային արշավին նվիրված մամուլի ասուլիսում  հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Նրա խոսքով` պետության եւ հասարակության պատշաճ ուշադրության պարագայում Հայաստանը կարող է վերադարձնել այն բրենդը, հանուն որի հարյուր-հազարավոր զբոսաշրջիկներ ձգտում էին գալ Հայաստան: Դա շատ կարեւոր է տնտեսության, երկրի զարգացման համար: Զբոսաշրջության զարգացման համատեքստում դեսպանը նշել է Վրաստանի Բորժոմիի օրինակը, որտեղ խորհրդային շրջանում 30 հազար մարդ էր բնակվում, ամեն տարի այնտեղ 150 հազար հանգստացողներ էին մեկնում:

 «Իսկ հիմա՞: Ասում են լեռներում երկու-երեք էքստրեմալ են շրջում: Վերջ: Էլ ոչ ոք չկա: Ես այդ մասին նշեցի, որովհետեւ խորհրդային տարիներին Հայաստանն ու Վրաստանը զբոսաշրջիկների համար ուխտագնացության վայր էին, թե ձմռանը, թե ամռանը: Ինքս այն ժամանակ լեռնադահուկային մարզաձեւով էի զբաղվում, գիտեի, թե որքան դժվար էր ուղեգիր գտնել եւ գալ Հայաստան դահուկներով սահելու: Այդ ամենը պետք է վերականգնել: Բայց անհրաժեշտ է Հայաստանի բոլոր հմայքների մասին հիշեցնող մեծ աշխատանք տանել», - նշել է դեսպանը` հավելելով, որ արդյունքի հասնելու համար մեծ ներդրումներ են պետք: «Ինչ-որ լավ բան ստանալու համար հարկավոր է լավ փողեր ներդնել: Դա ենթադրում է հյուրանոցներ, անձնակազմ, զբոսաշրջային բնագավառի մասնագետներ», - նշել է Վյաչեսլավ Կովալենկոն:

Ինչպես նշել է դիվանագետը, զբոսաշրջային գիտարշավի անցկացումը լավ սկիզբ է, եւ շատ կարեւոր է, որ այն ոչ միայն ճանաչողական բնույթի է (իսկ Հայաստանում դիտելու շատ բան կա), այլեւ գիտական նպատակներ է հետապնդում:

Հայ-ռուսական համատեղ առաջին գիտա-զբոսաշրջային արշավը կկայանա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը: