ԱՄՆ-ի դեմ բողոքի ակցիան հասել է Ադրբեջան: Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, սեպտեմբերի 28-ին Բաքվի Նարդարան բնակավայրում տեղի կունենա հանրահավաք, որի մասնակիցները կբողոքեն «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:
Ակցիան տեղի կունենա Աքսակալների խորհրդի եւ տեղի բնակիչների նախաձեռնությամբ: Դրա անցկացման մյուս պատճառը ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն է: Հանրահավաքի ընթացքում մահմեդական երկրներին կոչ կարվի դադարեցնել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ: Ինչպես «ԱՊԱ»-ին հայտնել են գյուղի Աքսակալների խորհրդում, հանրահավաքը կկայանա ժամը 16:00-ին` Իմամ Հուսեյնի հրապարակում:
ԱՄՆ-ում նկարահանված եւ համացանցում տարածված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում: Մի շարք երկրներում հարձակումներ են գործվել ամերիկյան դեսպանատների վրա: Լիբիայում զոհվել է ԱՄՆ-ի դեսպանը եւ դեսպանատան եւս երեք աշխատալիցներ:





























