Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր` սեպտեմբերի 27-ին,  այցելել է Ազգային ժողով եւ հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԱԺ-ի մեր աղբյուրները հայտնեցին, որ  մինչեւ նոյեմբերի 12-ը պաշտոնավարող քաղաքապետը իր նախաձեռնությամբ էր այցելել ԱԺ` քննարկելու հոկտեմբերի 7-ին` Գյումրիի քաղաքի տոնի հետ կապված նախապատրաստական աշխատանքները եւ Հովիկ Աբրահամյանին փոխանցելու հրավիրատոմս:

Aravot.am-ից տեղեկանում ենք, որ Վարդան Ղուկասյանը, խոսելով իր հետագա պաշտոնավարման մասին, ասել է. «Ճիշտն ասած, ես չեմ ուզում աշխատել պետական կառույցներում: Ինձ հիմա ճանաչում եմ բիզնեսի մեջ ավելի շատ: Մի քիչ պետք է հանգստանալ»: Հարցին՝ դուք այսքան ժամանակ պետական կառույցում եք աշխատել, բիզնեսի փորձ ինչպե՞ս ունեք՝ նա պատասխանեց. «Ես ամբողջ կյանքս բիզնեսով եմ զբաղվել՝ դպրոցից հետո: Որ նայեք իմ կենսագրականը, կտեսնեք, որ ես շատ մե՜ծ ֆերմերներ, ֆերմերությամբ եմ զբաղվել: Մինչեւ այսօր ֆերմաներ ունեմ: Առաջին կոոպերատիվ «Սպարտակը» ես եմ ստեղծել, տրիկոտաժի, հացի արտադրամասեր: Մի խոսքով՝ որ նայեք կտեսնեք»:

Իսկ թե որտեղ է հետախուզման մեջ գտնվող իր որդին` Սպարտակ Ղուկասյանը, քաղաքապետը վստահեցրեց, որ «չգիտի, թե որտեղ է Սպարտակը, որտեղից կգա, բայց որ անպայման կգա՝ դա փաստ է»: Թե ինչո՞ւ է գնացել Սպարտակը՝ Վարդան Ղուկասյանը այսպես պատասխանեց. «Արջ բռնելու»: