«Ընտրողների լիգա» հասարակական կազմակերպության առաջնորդ, Վրաստանում հակամարտությունների կարգավորման նախկին նախարար, ռեժիսոր Գեորգի Խաինդրավան մտադիր է իր պատիվը պաշտպանել ֆրանսիական դատարանում: Նա մտադիր է դատարան դիմել հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո: 

Ինչպես հայտնում է NEWS.ge-ն, Խաինդրավան սեպտեմբերի 27-ին հարցաքննության էր կանչվել ոստիկանության բաժանմունք: Նա նախքան հարցաքննությունը լրագրողներին հայտնել է, որ  նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ դիմում է ուղարկել, որտեղ դեմ է արտահայտվել շինծու մեղադրանքին եւ տեսագրությանը, նաեւ հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանին:

Ըստ ռեժիսորի` դա զրպարտանք է` իր նոր «Ժողովրդավարության փարոսը» ֆիլմի հետ կապված: Նա ընդգծել է, որ այդ ֆիլմում արտացոլված են ներկայիս իշխանությունների հանցավոր գործողությունները, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գեորգի Խաինդրավան հիշատակվել էր Վրաստանի դատախազության նյութերում` որպես հեղաշրջման հետ կապ ունեցող անձ: Վրացական կողմին նյութերը ներկայացրել էր ֆրանսիական ժանդարմերիան:  Ըստ նյութի տվյալների` Ֆրանսիայում տեղի է ունեցել քրեական հեղինակությունների հանդիպում: Դատախազ Մուրթազ Զոդելավան  հայտարարել էր, որ հանդիպմանը քննարկվել է կառավարության տապալման եւ Վրաստանում իրադրության անկայունացման համար  «Մխեդրիոնիի» նման զինված խմբավորում ստեղծելու հարցը: Հենց դրա համար էլ Գեորգի Խաինդրավան իբրեւ թե խոստացել էր վերականգնել  «օրենքով գողերի» կարգավիճակը եւ հեղինակությունը, որոնք նրանք նախկինում ունեցել են Վրաստանում: