Ռուսական Առաջին ալիքը հայտարարել է երեկոյան  հայտնի «Պրոժեկտորփերիսհիլթոն» շոուի փակման մասին: Որոշումը կայացրել է անձամբ Կոնստանտին էռնստը: 

Փակման հիմնական պատճառը նա անվանել է ծրագրից միանգամից երկու հաղորդավարների` Սերգեյ Սվետլակովի եւ Գարիկ Մարտիրոսյանի հեռանալը: Պարզվել է, որ երկուսն էլ նոր եթերաշրջանում պայմանագրեր են կնքել THT հեռուստաալիքի հետ, հայտնում է Life News-ը:

«Դեռեւս ամռանն ինձ զանգահարեց «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկեւիչը եւ հայտնեց, որ Սվետլակովն ու Մարտիրոսյանն այլեւս չեն մասնակցի «Պրոժեկտորփերիսհիլթոն»-ին, քանի որ պայմանագրեր են ստորագրել  THT-ի հետ: Ես բացառության կարգով խնդրեցի թույլ տալ նրանց մասնակցությունն Առաջին ալիքի միայն մեկ նախագծում: Բարի կամքի առկայության դեպքում նման հարցերը հեռուստատեսությունում հեշտ են լուծվում: Սակայն իմ զրուցակիցը նման բարի կամք չդրսեւորեց», - պատմել է Էռնստը: Նա նշել է, որ Առաջին ալիքը Մարտիրոսյանին ու Սվետլակովին հաջողություն է մաղթել: