Սեպտեմբերի 27-ին վրացական Քութայիսիում տեղի է ունեցել նոր օդանավակայանի պաշտոնական բացումը: Դավիթ Ագմաշենեբելի անվամբ օդանավակայանը կառուցվել է մեկ տարվա ընթացքում Կոպիտնարի նախկին ռազմական օդանավակայանի տեղում: Օդանավակայանի կառավարումը իրականացվում է ֆրանսիական «Վինչի» ընկերության կողմից:
Նոր օդանավակայանը բացել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Արարողությանը մասնակցել է այցով Վրաստանում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նախագահը հայտնել է, որ Քութայիսիի տոմսերը էժան կլինեն, օրինակ Կիեւի կարելի է մեկնել 22 եվրոյով, իսկ այս չվերթի ամենաթանկ տոմսը կարժենա 100 եվրո, այն դեպքում, երբ Թբիլիսիից Կիեւ տոմսերը արժեն մոտ 600 դոլար:
Նոր օդանավակայանի առաջին չվերթը եղել է սեպտեմբերի 27-ին իրականացված Քութայիսի-Կիեւ չվերթը: Չվերթը իրականացրել է հունգարական Wizz Air-ը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Վիկտոր Օրբանը, հանդես գալով օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությանը, նշել է, որ Վրաստանը տնտեսական ճիշտ ճանապարհ է ընտրել եւ նա մշտապես կարող է հույսը դնել Հունգարիայի աջակցության վրա:




























