Ամերիկացի բրիգադային գեներալը մեղադրվում է մի շարք ծանր եւ ամոթալի հանցագործություններում: 2012 թվականի մայիսին Ջեֆրի Սինքլերին ազատել էին Աֆղանստանում օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների հրամանատարությունից:
Բարձրաստիճան սպային վերագրում են բռնաբարություններ, սեռական ոտնձգություններ ենթակաների նկատմամբ, ինչպես նաեւ պոռնոգրաֆիայի եւ ալկոհոլի հակումներ: Վերջապես, գեներալին մեղադրում են համազգեստի պատիվն արատավորող վարքուբարքի համար, հաղորդում է ABC News-ը:
Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության` Ջեֆրի Սինքլերի գործողություններից տուժել են նրա ստորադաս մի քանի կանայք, նրա գործողությունները որակվում են որպես «բռնի սոդոմականություն», բացատրում է NEWSru.com-ը:
Ջեֆրի Սինքլերը բանակում ծառայել է 27 տարի եւ բազմիցս եղել է թեժ կետերում, կռվել է Իրաքում եւ Աֆղանստանում: Նա մասնակցել է «Փոթորիկ անապատում» գործողությանը եւ ծառայել Սաուդյան Արաբիայում:
Գեներալը Արեւմտյան Վիրջինիայի համալսարանում նաեւ ստացել է բակալավրի աստիճան, հաղորդում է Fox News-ը: Սինքլերն ունի պարգեւներ, այդ թվում` Բրոնզե աստղ մեդալ, որը զինվորականներին տրվում է հերոսության կամ հատուկ ավանդի համար:





























