Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը որոշել է բոյկոտել ԵԽԽՎ-ի նստաշրջանը: Նման որոշումը պայմանավորված է նոր ընդունվելիք բանաձեւում ԵԽ-ի հանդեպ Ռուսաստանի պարտականությունների խստությամբ: Փաստաթուղթն ընդունվելու դեպքում Մոսկվայից կպահանջվի ներքին եւ արտաքին քաղաքականության էական վերանայումներ:
Նարիշկինը սեպտեմբերի 26-ին խորհրդակցություն է անցկացրել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության անդամների հետ: ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 1-ի նիստին նախատեսված է Նարիշկինի մեկժամանոց ելույթը, հոկտեմբերի 2-ին` ԵՄ-ի առաջ Ռուսաստանի պարտականությունների կատարման վերաբերյալ զեկույց եւ համապատասխան բանաձեւի քվեարկություն: Այդ բանաձեւը ռուսական կողմը համարել է չափազանց խիստ:
Ռուսական պատվիրակությունը որոշել է չլռել:
ԵԽԽՎ-ի բանաձեւը ռուսական իշխանություններին կոչ է անում վերանայել ընտրական օրենսդրությունը, հրաժարվել իշխող կուսակցությունը պետության հետ միաձուլելու քաղաքականությունից, վերանայել հանրահավաքների մասին օրենքը: Ռուսաստանից պահանջվում է նաեւ դադարեցնել իրավապաշտպանների հետապնդումը, քննել իրավապահ մարմինների կիրառած բռնության դեպքերը, վերանայել Pussy Riot-ի դատավճիռը եւ այլն:





























